ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայկական հարցն ու իր լուծումը

Հայկական հարցն ու իր լուծումը
19.06.2023 | 14:59

Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները։ Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակություն ունեին հայերի համար։ Վճռվում է պարսկահայկական հարցը։

Հայ ժողովուրդն ազատվում է պարսկական դժոխքից։ Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին։ Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ռուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից։ Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի էր կանգնել։

Եվ էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին։ Իհարկե, նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներ-կտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները։ Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ։ Թե 1804-1807, թե 1810-13, թե 1826-28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորից-Շահերի Շահին պարգև»։

Սակայն վերջ ի վերջո հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը. այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը։

Հերթն եկավ տաճկահայկական հարցին։

Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսաստանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին։

Թե 1829 թվականի, թե 1855 թվականի, թէ 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին։ Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզերում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին։ Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներին-Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը։

1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեոքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը։

1878 թվականին էլ, երբ կրկին <սկսեց> ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։

Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում…

Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ռուսի թե հայի։

Եվ ահա վրա հասան 1894-96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում․․․

Եվ ի՞նչ․․․

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը-Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը-«Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»։

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս։

Իսկ Ֆրանսիա՞ն։

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ու ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզրյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը։ Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա։

Եվ հենց Փարիզում էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժողովում, որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողային, անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա՝ իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանվեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց բարօրության համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը։

Էստեղ, Փարիզում ստեղծվեց էն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները -դժբախտ ու տառապում էին՝ օրհասական, մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի, ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես,-ասում է,-քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց հանդեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը-եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարել իր պետական պաշտոնը։ Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել․-արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гсльмольдта)։

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։

Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար։

Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե Բալկաններում և թե Արևելքում։ Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը։ Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ։

Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքում-պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին։

Եվ էսօր, եթե հայկական հարցը, ինչ ձևով ուզում է լինի-մի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում։ Եվ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան էսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ։ Եվ էդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որ ապրել է նրանց անհաշտության պատճառով, հետևաբար կլուծվի և հայկական խնդիրը, և կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Էսպեսով 35 տարվան շեղումից հետո՝ մեզ պատմության ընթացքը բերում է դարձյալ նույն տեղը։

Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած և Ռուսաստանի հետ։

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ռուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը։

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,-պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

1913 թ.

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4278

Մեկնաբանություններ